Հայաստանը ևս մեկ ռազմավարական կառույց վաճառեց: Այս անգամ` ամերիկացիներին: «Contour Global» ամերիկյան էներգահոլդինգը 180 մլն դոլարով դարձել է Հայաստանի ամենախոշոր ՀԷԿ համալիրի` Որոտան ՀԷԿ-ի սեփականատեր: Ամերիկյան ընկերությունը նախատեսում է առաջիկա վեց տարում 70 մլն դոլար ներդրում կատարել համալիրի տեխնիկական վերազինման և վերանորոգման համար: ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այս առիթով գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Տպավորություն ունեմ, որ սա արվել է բացառապես ամերիկացիների «բարկությունը» մեղմելու համար։ Կառավարությունը սրանով Հայաստանին զրկեց սեփական էներգետիկայից։ Կասկադը վաճառվել է ամենաքիչը 4 անգամ ավելի էժան»,-գրել է ՀՀ նախկին վարչապետը: Նա, անդրադառնալով ամերիկացիների կողմից ներդրվելիք 70 մլն-ին, նկատել է. «Ներեցեք, բայց առանց այդ ընկերության մենք 6 տարում նորմատիվներով ավելի շատ կներդնեինք ընկերության շահույթից: Արդյունքում, առանց կասկածի, մի քանի տարի հետո այս համալիրը կվաճառվի մի քանի անգամ ավելի թանկ գնով։ Մեր կառավարությունը ուժեղ երկրների առաջ քծնելու (ավելի վաղ գերշահավետ պայմաններ էին տրամադրվել ռուսներին) բացառիկ հատկություններով է օժտված»:
Պատգամավորի մտահոգությունը ավելի քան պատճառաբանված է: Հայաստանն այսպիսով կորցնում է իր էներգետիկ անկախությունը: Հայաստանն ընդհանրապես կորցնում է իր տնտեսական անկախությունը: Սոցիալական կայքերում քննարկումներ են ընթանում, թե այլևս երկիրը սեփական ոչինչ չունի և պետք է ոտքի կանգնել իշխանափոխության համար: Մի կողմից` իշխանության գործողությունները, մյուս կողմից` ուկրաինացիների երկու ամսից ավելի դիմակայութունը շատերին է ոգևորում: Փաստորեն, ստացվում է, որ երկրում իշխանափոխության պահանջ է հասունանում շնորհիվ իշխանությունների: Եվ եթե նկատի ունենանք սոցցանցերի քննարկումներն ու հասարակական-քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունները, մեր երկրում շուտով բողոքի ալիք կբարձրանա: Այդ մասին, ի դեպ, վերջերս Ուկրաինայում խոսել է և քաղաքագետ Իգոր Մուրադյանը, իսկ ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն օրերս հայտարարել է ազատամարտիկների նոր միության ստեղծման մասին: Ակնհայտ է, որ ձևավորվելիք նոր շարժմանը կմիանան և քաղաքական որոշ ուժեր: Այնպես որ առաջիկայում սպասենք հետաքրքիր զարգացումների:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ